Jump to content

Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՈւկրաինա Կամենեց-Պոդոլսկ
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճԳոթիկա
Կառուցման սկիզբ1394
Քարտեզ
Քարտեզ
 St. Nicholas Armenian church complex, Kamianets-Podilskyi Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (1495-1810), ի սկզբանե Սուրբ Նիկողայոս եկեղեցի՝ (1394-1495, 1811 թվակ��նից հետո) , քանդված հայկական եկեղեցի Ուկրաինայի արևմտյան հատվածում՝ Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։ Սկզբնական շրջանում գտնվում էր հայ առաքելական եկեղեցու վերահսկողության և տնօրինության տակ և ծառայում առաքելական համայնքին։ 17-րդ դարից այն վերածվում է կաթոլիկ եկեղեցու։ Նույն դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգաշտարակ։

1767-1920 թվականներին կաթոլիկ և առաքելական հայերը այստեղ պահպանել էին հայկական սուրբ Տիրամոր սրբապատկերը, որը մինչ այդ պահվում էր սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Այն ստեղծվել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում և այնտեղ են տարել Լեհաստան և Ուկրաինա արտագաղթած հայերը։ Սրբապատկերը կարևոր է ոչ միայն հայերի,այլև լեհերի, ուկրաինացիների, մոլդավացիների, ռուսների և այլոց համար։ Այն այժմ գտնվում է Կիևի Բոգդանի և Վարվարայի թանգարանում։ Այդ առթիվ եկեղեցին երբեմն կոչում էին «սուրբ Աստվածամայր»[1]:

1810 թվականի դեկտեմբերի 10-ին վախճանվել է Աստվածածնի Վերափոխման եկեղեցու վերջին հայ քահանա Դանիել Լևիցկին։ Մեկ տարի անց՝ 1811 թվականի սկզբին, Հայ կաթոլիկ եկեղեցին, յունիականների (հույն կամ ուկրաինացի կաթոլիկներ) խնդրանքով եկեղեցին փոխանցվել է նրանց։ Վերափոխման եկեղեցու հանձնումից հետո կրկին վերանվանվել է Սուրբ Նիկողայոս[2], որտեղ տեղափոխվել է Նիկողայոսի սրբապատկերը[3]։

Հայրենական Մեծ պատերազմից հետո Արևմտյան Ուկրաինան միանում է Ուկրաինական ԽՍՀ-ին։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին պայթեցվում է։ Կանգուն են մնում միայն 17-րդ դարում կառուցված զանգաշտարակը և եկեղեցու մուտքի կամարները։

Հայկական սուրբ Տիրամոր սրբապատկերը

Հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին, որը կառուցվել է Կամենեց-Պոդոլսկում և պահպանվել մինչ օրս, Պոդոլիայի ամենահին հայկական եկեղեցիներից է։ Թեև ավանդաբար համարվում է, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարում, բայց պատմաբանների տարբեր կարծիքներ կան։ Պատմաբան Վարդան Գրիգորյանի պնդմամբ՝ շինարարության հետ կապված կազմված փաստաթղթից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 1398 թվականին՝ Խութլուբեյի որդու՝ Սինանի միջոցներով։ Փիլիպոս քահանայի գրած այս փաստաթղթում, որը հայտնի է որպես «Սինանի կտակ», վերջինս խոստանում է կառուցել և իր միջոցներով կառուցել Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Դրանից հետո Սինանը կտակել է, որ իր հարազատներից ոչ մեկը եկեղեցու նկատմամբ իրավունք չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանցից մեկը կդառնա Հայկական առաքելական եկեղեցու ուսմունքին հավատարիմ քահանա[2]։ Ալլա Տեր-Սարգսյանցը նշել է, որ եկեղեցին կառուցվել է 1250 թվականին[4], սակայն խոսքը վերաբերում է այլ եկեղեցու, որը հետագայում ավերվել է։

Սուրբ Նիկողայոս եկեղեցին (13-14-րդ դարեր), որը Կամենեց-Պոդոլսկի ամենաառաջին հայկական եկեղեցին էր, չէր կարողանում բավարարել հայկական աճող համայնքի հոգևոր կարիքները։ Այն չափերով փոքր եկեղեցի էր, և հայերը փորձում են կառուցել նոր եկեղեցի։ 15-րդ դարում հայկական թաղամասի կենտրոնում՝ որտեղ խաչվում էին երկու հայաբնակ փողոցներ, կառուցվում է հայկական նոր եկեղեցի, որին դարձյալ տրվում է հրաշագործ սուրբ Նիկողայոսի անունը։

Եկեղեցու վրա գրված էր[5].

- Սինանը սկսեց կառուցել այս սուրբ տաճարը՝ հանուն հրաշագործ պատրիարք Նիկոլայ հրաշագործի։ Ապա Ղըրըմ բեյը կառուցում է գմբեթ և տեղադրում ոսկեզօծ խաչ՝ եկեղեցու վրա, իսկ Խաչիկը մեծացնում է եկեղեցին

Եկեղեցու գոյության ընթացքում այն պարբերաբար վերակառուցվել ու վերանորոգվել է։ 1565 թվականին կառուցվում է Սուրբ Ստեփանոս զանգակատունը կամ ժամատունը, որը այդպես էր կոչվում՝ համանուն հայկական եկեղեցու շնորհիվ։ Այն ուներ երկու մեծ զանգ, որոնցից մեկը եկեղեցուն էր նվիրել Խաչատուր եպիսկոպոսը, իսկ մյուսը՝ Գրիգորը, ով շարունակում էր զանգակատան կառուցումը։ 1577 թվականին Միհնո անունով դատավորը Կաֆայի հայ վաճառական Անդրեաս խոջայի և Գրիգոր վարդապետ Վարագեցու միջոցներով կառուցում է տաճար՝ ներքին պատկերասրահով ու քահանայի կացարանով։ 1601 թվականին ընդլայնվում են եկեղեցու տարածքները ու շինությունները։ Մեկ տարի անց եկեղեցու շուրջ քարե պատնեշ է շարվում[5]։

Զանգակաշտարակը և կամարները. ժամանակակից տեսք

1602 թվականին քաղաքում տեղի է ունենում մեծ հրդեհ, որը այրում է գրեթե ամբողջ Կամենեց-Պոդոլսկը։ Դրա արդյունքում ավերածություններ է կրում նաև հայկական եկեղեցին։ Հայկական համայնքի միջոցներով եկեղեցին շուտով վերականգնվում է։ Բարեգործ հայերի անունները փորվում են մարմարե սալիկների վրա, որոնք ամրացվել են եկեղեցու պատերին։ Որպես նվիրատվություն հանձնվել են ոչ միայն խաչեր ու զարդեր, այլև ոսկյա իրեր ու սրբապատկերներ։ Եկեղեցուն նվիրվում են նաև ձեռագիր գրքեր, որոնք հարստացնում են նրա գրադարանը[5]։

1666 թվականին Լեհաստանում տարածվող կաթոլիկացման քաղաքականության հետևանքով եկեղեցին անցնում է հայ կաթոլիկներին[6]։ 1672 թվականին քաղաքը գրավում են թուրքերը։ Թուրքական տիրապետությունը տևում է ավելի քան քառորդ դար՝ մինչև 1699 թվականը, որի ընթացքում հայկական եկեղեցին լրջորեն տուժում է։ Վերականգնողական աշխատանքները սկսվում են 1756 թվականի հունիսի 28-ին և ավարտվում 1767 թվականի հուլիսի 1-ին։ Հայկական տարբեր համայնքների միջոցներով վերակառուցված եկեղեցին տեղացի հայ եպիսկոպոս Յակով Թումանցին 1791 թվականի հուլիսի 27-ին եկեղեցին որպես կաթոլիկ է օծում։

Եկեղեցին ուներ ութանկյուն գմբեթ, գլխավոր խորանը գտնվում էր արևելյան մասում։ Այն զարդարված էր հունահռոմեական ոճով։ Եկեղեցու շենքը երեք կողմից շրջապատված էր փակ պատկերասրահով, որը միաժամանակ տեղի հայերի հավաքատեղին էր։

Այստեղ պահվում են համայնական նշանակության կարևոր փաստաթղթեր, լեհական թագավորների կողմից ստացած պատվոգրեր, ձեռագիր մատյաններ, որոնք 1891 թվականին տեղափոխվում են Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ[7]։

Խորհրդային իշխանությունների ժամանակ եկեղեցին պայթեցվում է, և թողնվում են միայն զանգաշտարակը և կամարները[8]։

2014 թվականի հունիսի 27-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանս, որտեղ քննարկվել են կազմակերպության մի շարք կարևոր հարցեր։ Կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել Սուրբ Նիկողայոսի մայր տաճարի հանձնումը հայկական կրոնական համայնքին։ Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը Սուրբ Ստեփանոս զանգակատանը մատուռի օծման արարողություն է անցկացրել[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Григорян В. Р. «История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии). Ер.: Издательство АН Арм. ССР, 1980—292 с
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Григорян» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Николаевская церковь». сайт города Каменец-подольский. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. А. Е. Тер-Саркисянц История и культура армянского народа: с древнейших времен до начала XIX в. — Восточная литература РАН, 2005. — С. 371. — 685 с. — ISBN 5020184454, 9785020184459 (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Arm» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Н.Б.Петров Отчет об археологических исследованиях армянского Николаевского храма XV-XVIII в.в. в г.Каменце-Пoдольском (рус.). — Хмельницький. Архивировано из первоисточника 24 января 2013.
  7. «Сецинский Е. И. «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» (Каменец-Подольск, 1895); стр. 80-81». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Կամենեց-Պոդոլսկի հայկական հուշարձանները այլազգիների աչքերով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկում Սուրբ Ստեփանոսի զանգակատանը մատուռ է օծվել