Որդիներ և սիրեկաններ (վեպ)
Որդիներ և սիրեկաններ (անգլ.՝ Sons and Lovers), անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի հանրահայտ վեպը, որը գրվել է 1913 թվականին։ Այժմ հեղինակի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունն սկզբնական շրջանում բացասական ընդունելություն է գտել գրականագետների կողմից և ենթարկվել նրանց խիստ քննադատությանը։ Վեպն ընդգրկվել է 20-րդ դարի անգլիագիր 100 լավագույն վեպերի ցուցակում և այնտեղ զբաղեցրել իններորդ հորիզոնականը[1]։
Որդիներ և սիրեկաններ Sons and Lovers | |
---|---|
Հեղինակ | Դեյվիդ Հերբերթ Լոուրենս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1913 |
Նկարագրում է | Լոնդոն |
Նախորդ | Սահմանների խախտող |
Հաջորդ | Ծիածանը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Duckworth Books? |
Հրատարակման տարեթիվ | 1913 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/d-h-lawrence/sons-and-lovers |
Բովանդակություն
խմբագրելԴեյվիդ Հերբերթ Լոուրենսի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունը հեղինակի երրորդ հրատարակված վեպն է, որի կենտրոնական կերպարը Փոլ Մորել անունով մի երիտասարդ նորաթուխ արվեստագետ է։
Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ նրա մայրը ծանր հիվանդ էր։ Ստեղծագործության գլխավոր կին հերոսի՝ Գերտրուդ Մորելի կերպարի միջոցով նա փորձել է արտացոլել իր մոր վատնված կյանքը, ինչպես նաև իր սերը վերջինիս հանդեպ՝ նրան ներկայացնելով որպես խելացի, հեգնական խառնվածքով և նուրբ կազմվածքով կին, որի հանդեպ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել՝ պարգևելով նրան մի ամուսին, ով ընդամենը հասարակ հանքափոր էր։ Լոուրենսն այն համոզմունքին էր, որ իր մայրն ամուսնացել է իրենից ցածր դասի տղամարդու հետ։ Այս վեպի համար հիմք են ծառայել ընտանեկան տարաձայնությունները, որոնց հեղինակն ականատես է եղել սկսած մանկության վաղ տարիներից։ Վեպի երկու հերոսները՝ Փոլ և Ուիլյամս եղբայրները, սկսում են ատել ու ար��ամարհանքով վերաբերվել իրենց հորը։ Փոլի կյանքում հայտնված կանանց հետ հարաբերություններն ասես իրենց վրա կրեն մոր հանդեպ ունեցած նվիրվածության ազդեցությունը։
Հրատարակության հանգամանքները
խմբագրելԼոուրենսի այս վեպի առաջին նախնական օրինակը կորել է՝ այդպես էլ չբերվելով վերջնական տեսքի։ Կարծիքներ կան, որ այն անավարտ է մնացել գրողի մոր հիվանդության պատճառով։ Լոուրենս այս գործին վերադառնում է երեք ամիս տևած դադարից հետո․ այն ժամանակ այն դեռևս կրում էր "Փոլ Մորել" անվանումը։ Լոուրենսն այս գործի նախավերջին տարբերակն ավարտեց իր կյանքի ծանր ժամանակահատվածում, երբ կտրուկ վատթարացել էր նրա առողջությունը, և նա ստիպված էր թողնել մանկավարժական գործունեությունը։
"Փոլ Մորել" վեպի երրորդ օրինակը հրատարակության է ուղարկվում գերմանացի միջին դասի արիստոկրատ Ֆրիդա Ուիքլիի հետ հեղինակի ամուսնությունից հետո։ Այն շատ անբարեհաճ արձագանքի է արժանանում հրատարակիչ Ուիլյամ Հեյնեմանի կողմից, որն ստիպում է Լոուրենսին վերաշարադրել գործը։ Լուրենսն այնուհետև վերանվանում է վեպը "Որդիներ և սիրեկաններ", սակայն հավատարիմ է մնում նախնական բովանդակությանը՝ այն ներկայացնելով որպես "մեծագույն ողբերգություն" և "գրականության խոշոր գործ", որն արտացոլում է "հազարավոր բրիտանացի երիտասարդների անձնական ողբերգությունը"։
Վեպը բաղկացած է երկու մասից։
Անվանում
խմբագրելՎերանվանված վեպում հետագայում արված հավելումները ընդարձակել են նրա շրջանակներն ու բովանդակությունը՝ պակասեցնելով ինքնակենսագրական տարրը։ Թեպետ անգլիացի գրող էդուարդ Գարնետի կողմից հետագայում արված խմբագրական միջամտությունները վերաբերել են հիմնականում աշխատանքի ոճին, փոփոխված և ավելի նեղ շրջանակներում է ներկայացվել նաև Փոլի կերպարը։